Կենսագրություն

ԳուսանԱրտակ Նիկոլայի Օհանյան (Հունիսի 1, 1962 — Սեպտեմբերի 9, 1993), արցախյան պատերազմի Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի մարտիկ, վաշտի հրամանատար, Աֆղանական պատերազմի մասնակից։ Հայրենանվեր գործունեության համար արժանացել է Հայաստանի հանրապետության արիության մեդալի կոչման։ Արտակին կոչել են Գուսան գրած բանաստեղծությունների ու երգերի համար։

Արտակ Նիկոլայի Օհանյանը ծնվել է 1962 թվականի հունիսի 1-ին ՀՍՍՀ Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում, աշխատավորի ընտանիքում։ 1978-1979 ուս.տարում ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, որը 2005 թվականին վերանվանվել է Արտակ Օհանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոց։ 1980-1982 թվականներին մասնակցել է Աֆղանստանում տեղի ունեցող մարտերին, որտեղ 1981 թվականին ծանր վիրավորվել է, իսկ 1982 թվականին արդեն զորացրվել։ Մինչև 1988 թվականը աշխատել է հայրենի գյուղի կոլտնտեսությունում և մանկապարտեզում՝ որպես տնտեսվար։

1988 թվականի Օպերայի ցույցերը նրան բերեցին Երևան, ավերիչ երկրաշարժը տարավ աղետի գոտի, իսկ Արցախահայության փրկության կանչը՝ մարտադաշտ։ Ինքնապաշտպանական մարտեր է մղել Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում և Երասխավանում։ 1990 թվականի փետրվարին մի քանի տասնյակ կամավորականների հետ կազմավորել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը, որի կազմով էլ անմիջապես մեկնել են Սիսիանի շրջանի Սոֆլու գյուղ հետ մղելու կատաղած թշնամուն։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Սիսիան-Նախիջևան, Եղեգնաձորի Խաչիկ և Նոյեմբերյանի Կոթի գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։

1991 թվականի փետրվարին արդեն մասնակցել են Գորիս–Կոռնիձոր, Խնձորեսկ, Հարթաշեն, Շուռլուխ, Շինուհայր, իսկ ապրիլին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին։ 1991 թվականի մայիսի 3-ին Արտակը, երբ արդեն վաշտի հրամանատար էր, իր վաշտով ներխուժել են շրջափակված Գետաշեն և այնտեղից դուրս բերել թվով 37 երեխաների և ՀՀ գերագուն խորհրդի դեպուտատ Իգոր Մուրադյանին։ Հունիս ամսից շարունակել է մասնակցել Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ, Գյուլիստան և Վերիշեն գյուղերի թեժ մարտերին։

1991 թվականի դեկտեմբերի 29-ին ամուսնացել է մարտական ընկերոջ քրոջ՝ Ժաննա Սահակյանի հետ։ 1992 թվականի մարտ–մայիս ամիսներին մասնակցել է նոր ուղղաթիռային արկերի նախագծման և փորձարկման աշխատանքներին։ Հուլիսին մարտեր են մղել նաև Գորիսի շրջանի Սոֆլու և Կոռնիձոր գյուղերում, իսկ օգոստոսին՝ Կարմիրի շրջանում։ Նոյեմբերին տեղափոխվել են Խնձորեսկ։

1993 թվականի մարտի 24-ին Երևանում ծնվում է նրա միակ դուստրը՝ Տաթևիկը։ 1993 թվականի սեպտեմբերի 9-ին 5 ընկերների հետ Կուբաթլուի շրջանում հատուկ առաջադրանք կատարելիս մարտի են բռնվում դարանակալված թշնամու 2 ջոկատների հետ, որտեղ և նա կնքում է մահականացուն։ Գուսանի աճյունը հանգչում է «Եռաբլուր» պանթեոնում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ զոհված ազատամարտիկների կողքին։