Անուն Ազգանուն

2017թ.-ի սեպտեմբերի 19-ին Վարդենիկի Ա. Օհանյանի անվան դպրոցում տեղի ունեցավ ոգեկոչման հուշ-ցերեկույթ` «Կյանքս կտամ հայրենիքիս» խորագրով: Ցերեկույթը նվիրված էր արցախյան պատերազմի Մեծն Տիգրան աշխարհազորային գնդի մարտիկ, վաշտի հրամանատար, Աֆղանական պատերազմի մասնակից Արտակ Օհանյանի (Գուսանի) հիշատակին: Հուշ-ցերեկույթի վայրը պատահական չէր ընտրված. հենց այս դպրոցում է սովորել մեր ազատության մարտիկը՝ Գուսանը, ում անունով էլ դպրոցը անվանակոչվեց 2005թ.-ի սեպտեմբերի 19-ին:
Միջոցառման համերգային մասը սկսվեց Գուսանի մասին պատմող տեսանյութով, ապա մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների անմահ հիշատակը:
Դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ա. Աբրոյան) ներկայացրեցին Գուսանի անցած մարտական ուղին և նրա ձեռքով գրված՝ հայրենասիրական ոգով տոգորված երգերն ու բանաստեղծությունները ձոնեցին հերոսի հիշատակին, իսկ ազատամարտիկի ծառայակից ընկերները (Վազգեն Աբրոյանը և այլոք) հիշեցին հետաքրքիր դրվագներ Գուսանի մասնակցությամբ մարտի դաշտից:
Միջոցառումը հուզել էր բոլորին, և հատկապես՝ Արտակ Օհանյանին՝ Գուսանի եղբորորդուն, ով մասնակցելով Արցախի քառօրյա պատերազմին` ապացուցեց, որ Գուսանի արժանի հետևորդն է:
Հավերժ փա~ռք քեզ, Գուսան Արտակ, մեր անվախ ու քաջ մարտիկ, փա~ռք քեզ, որ չվարանեցիր քայլել ազատության տատասկավոր ճանապարհով, գնացիր անմահություն և քո կյանքը զոհեցիր՝ հանուն մեր խաղաղ առավոտների:
Հուշ-ցերեկույթին ներկա էին գտնվում Գուսանի եղբայր Վաչագանը, նրա ընտանիքի անդամներն ու մարտական ընկերները: Դպրոցի տնօրեն Ս. Գափոյանը նույնպես խոսեց Արտակի կատարած սխրանքների մասին, շնորհակալություն հայտնեց մասնակից երեխաներին: Ցերեկույթը ամփոփեց դպրոցի փոխտնօրեն Գ. Միլիտոնյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին՝ այն համարելով հայրենասիրական դաս:
Աշակերտական խորհուրդ

 

 

 

 

Արտակ Օհանյան